• 23.10.2024
  • Հարցազրույց
Հարցազրույց ՀԱԱՊ բիզնես ամսագրին

Հայկ Ստեփանյան․ ՀՀ լավագույն գործատուներից մեկի, կրթական ներդրումների և առաջնորդների հաջորդ սերնդի մասին

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը վերջերս Հայ-Ամերիկյան առևտրային պալատին (ՀԱԱՊ) տված հարցազրույցում խոսել է Բանկի՝ հայկական շուկայում լավագույն գործատուներից մեկը լինելու, առաջնորդությունը խրախուսելու, լավագույն տաղանդներին ներգրավելու մասին և ոչ միայն։


Բանկերը հաճախ մարտահրավերների են հանդիպում լավագույն կադրերին ներգրավելիս, քանի որ բանկինգը հաճախ ընկալվում է որպես ոչ ճկուն ոլորտ։ Ինչպե՞ս է Բիբլոս Բանկ Արմենիան իրեն դիրքավորում որպես նախընտրելի գործատու, հատկապես բավարարվածության զգացում ու դինամիկ կարիերա փնտրող երիտասարդ մասնագետների շրջանում:

Պետք է խոստովանենք, որ երիտասարդ սերնդի շրջանում կարիերայի հետ կապված ցանկություններն ու նախասիրությունները կտրուկ փոխվում են։ Տաղանդների ներգրավման առումով բանկային ոլորտի հիմնական մարտահրավերը ՏՏ ոլորտն է ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային շուկայում: Այնուամենայնիվ, բանկերը գրավիչ գործատու են համարվում և կմնան այդպիսին երեք գործոնի շնորհիվ. մենք ադապտացնում ենք մեր աշխատանքային պրակտիկան և միջավայրը շուկայի միտումներին, մենք շարունակում ենք ստեղծել կայուն, լավ վարձատրվող աշխատատեղեր, և, վերջապես, միշտ կլինեն երիտասարդ մասնագետներ, որոնք ներքուստ հետաքրքրված են ֆինանսներով ու բանկային գործով։

Հպարտությամբ նշեմ, որ Բիբլոս Բանկ Արմենիան հայկական շուկայում լավագույն գործատուներից է։ Մեր արժեհամակարգը, աշխատակիցների համալրման պրակտիկան, բարենպաստ աշխատանքային միջավայրը և աշխատակիցների հմտությունների զարգացմանը մեր շարունակական նվիրումն օգնում են մեզ ներգրավել և պահպանել լավագույն տաղանդներին:

Ինչպե՞ս է Բիբլոս Բանկ Արմենիան պատրաստում ուժեղ առաջնորդների հաջորդ սերնդին: Առաջնորդության ո՞ր հատկանիշներն ու կարողություններն են կարևոր այսօրվա արագ զարգացող բանկային լանդշաֆտում հաջողության հասնելու համար:

Առաջնորդների հաջորդ սերնդին պատրաստելը մեր ՄՌ կառավարման ռազմավարության հիմնական տարրն է: Երբ հանդիպում եմ մեր թիմի նոր երիտասարդ անդամներին, սովորաբար ասում եմ, որ որպես կրտսեր աշխատակիցներ մենք աշխատանքի ենք ընդունում և պատրաստում մեր ընկերության ապագա գործադիր տնօրեններին: Իրականում, առաջնորդի որակներն այսօր շատ կարևոր են, և անհրաժեշտ է կենտրոնանալ ոչ միայն կոնկրետ պաշտոնի կամ հաստիքի, այլև առաջնորդության անձնային հմտությունների վրա, որոնք կարևոր են ցանկացած պաշտոնում և ոլորտում հաջողության հասնելու համար: Հատկապես այսօրվա ճկուն միջավայրում, որտեղ արագ կարելի է փորձ ձեռք բերել, և որտեղ մարդիկ հեշտությամբ ոլորտ են փոխում, անձնային հմտությունների կարևորությունը շարունակում է աճել: Որպես գործատու՝ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում անձնային առաջնորդությանը վերապատրաստումների, ներքին մշակութային շփումների միջոցով։ Այնուամենայնիվ, սա մնում է մարտահրավեր մեր հասարակության մեջ, որտեղ սովորաբար ավելի մեծ ուշադրություն է դարձվում տեխնիկական գիտելիքներին, իսկ առաջնորդությունը կապվում է պաշտոնների և ղեկավարության, այլ ոչ՝ անձնային առաջնորդության հետ:

Կարո՞ղ եք կիսվել հաջողության պատմություններով կամ մեծ ձեռքբերումներով, որոնց Բանկը հասել է աշխատակիցների զարգացման մեջ արած ներդրումների շնորհիվ:

Բիբլոս Բանկ Արմենիայում բազմաթիվ նման օրինակներ ունենք. թղթատար, որ դարձել է մասնաճյուղի կառավարիչ, գանձապահներ, որոնք բաժիններ են ղեկավարում, վարկային վարչարարության մասնագետ, որ դարձել է Ռիսկերի կառավարման վարչության ղեկավար, կամ վարկային մասնագետ, որ հասել է գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնին: Ես խորապես հավատում եմ, որ այս և շատ այլ ձեռքբերումներ պայմանավորված են մշակութային և կրթական ներդրումներով, որոնք շարունակաբար կատարում է Բիբլոս Բանկ Արմենիան որպես գործատու:

Բանկային ոլորտն արագ թվային վերափոխման է ենթարկվում: Ինչպե՞ս է Բիբլոս Բանկ Արմենիան կատարելագործում իր աշխատուժը նոր դարի պահանջմունքները բավարարելու համար:

Թվային փոխակերպումը բանկային գործունեության առանցքային ուղղություններից է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, և դա մեզ համար մեծ մարտահրավեր է: Առաջնային խնդիրը ինքներս մեզ, մեր մտածելակերպը, գործելաոճը, հաճախորդների կարիքներին արձագանքելու ձևը վերափոխելն է: Մենք բալանսավորված մոտեցում ենք որդեգրել՝ ընդունելով աշխատակիցներ ՏՏ ոլորտից և միաժամանակ կատարելագործելով մեր անձնակազմին վերապատրաստումների, թվային իրազեկման և գրագիտության բարձրացման, համաշխարհային միտումների հետ ծանոթացնելու միջոցով:

Հաշվի առնելով Բիբլոս Բանկ Արմենիայի դերը Հայաստանի բանկային ոլորտում՝ ինչպե՞ս եք համագործակցում կրթական հաստատությունների հետ՝ ոլորտի համար տաղանդավոր կադրեր պատրաստելու գործում: Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից CaseKey բիզնեսի խնդիրների լուծման մրցույթի հովանավորությունը, ինչպես նաև ԵՊՀ ուսանողներին հատկացվող կրթաթոշակները ցույց են տալիս երիտասարդ տաղանդներ պատրաստելու Բանկի վճռականությունը:

Մենք կարծում ենք, որ կրթության ոլորտում ներդրումներ կատարելը Հայաստանի և մեր համայնքների բարգավաճմանը նպաստելու հիմնական և ամենաարդյունավետ միջոցն է։ Բնականաբար, Բանկի արժեքները, Բանկի մոտեցումը բիզնեսին ու մեր բիզնես պրակտիկան կենսունակ են միայն կրթված և ավելիին ձգտող համայնքների և ընտանիքների շրջանում: Արդեն երկար տարիներ մենք ներդրումներ ենք կատարում տարբեր կրթական նախագծերում, աջակցում ուսանողներին և փորձում հնարավորություններ ստեղծել նոր սերնդի համար։ Մասնակցությունը կրթական նախագծերին մեզ նաև օգնել է տաղանդավոր երիտասարդների բացահայտել:

Ի՞նչ խորհուրդ կտաք ՀԱԱՊ համայնքին:

ՀԱԱՊ համայնքում ներառված են Հայաստանի լավագույն բիզնեսները, ամենախելացի գործարարներն ու անհատականությունները: Իմ համեստ խորհուրդն է՝ միասին ստեղծել հզոր կոալիցիա՝ կրթության ոլորտում ներդրումներ անելու համար։ Ես հավատում եմ, որ միասին կարող ենք իրականացնել կարևոր կրթական ծրագրեր, որոնք հսկայական ազդեցություն կունենան մեր երկրի և տնտեսության վրա։


Սկզբնաղբյուրը՝ AmCham բիզնես ամսագիր

թարմացված է՝ 23.10.2024 13:53
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ