• 26.12.0025
  • ԿՍՊ
Բանկը 7 մլն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը

Բիբլոս Բանկ Արմենիան 7 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 թվականի դրամահավաքին՝ միանալով Սյունիքի մարզի Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրին։

Բանկի կողմից իրականացված նվիրաբերությունը կուղղվի Սպանդարյանի ջրանցքի վթարված հատվածների վերականգնմանը, ինչը հնարավորություն կտա նորոգելու ոռոգման համակարգը և ապահովելու ջրի հասանելիությունը Սյունիքի մարզի մի շարք համայնքների համար։

Սպանդարյանի ջրանցքը ներկայումս մինչև 70% վթարված է, ինչի հետևանքով Սյունիքի մարզի մի շարք բնակավայրեր զրկված են ոռոգման ջրից։ Ծրագրի իրականացումը նպատակ ունի ապահովել ջրային անվտանգությունը, խթանել գյուղատնտեսական արտադրությունը և ստեղծել կայուն տնտեսական զարգացման պայմաններ տարածաշրջանում։

Ջրանցքի վերակառուցման արդյունքում Սյունիքի մարզի Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շաքի բնակավայրերի 730 ընտանիք (4,320 բնակիչ) կդառնա անմիջական շահառու, իսկ շուրջ 2,800 հեկտար հողատարածք կապահովվի արդյունավետ ոռոգմամբ։

Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 թվականի «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք-արշավի շրջանակում։

Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան պարբերաբար ներդրումներ է կատարում կրթական, մշակութային, բնապահպանական և երեխաների առողջությանն ուղղված նախագծերում։ Բանկի կողմից իրականացված ԿՍՊ ծրագրերի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ։

թարմացված է՝ 26.12.2025 16:47
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ