Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է Google Pay™ ծառայությունը և իր քարտապաններին ընձեռել պարզ ու ապահով անհպում վճարումներ կատարելու և բանկային քարտերը Android և Wear OS սարքերում պահելու հնարավորություն:
Քարտապանները կարող են իրենց դեբետային և վարկային քարտերը կցել Google Wallet թվային դրամապանակին և կատարել անհպում վճարումներ։
Բացի վճարային քարտերից, Բանկի հաճախորդները կարող են Google Wallet-ին կցել և օգտագործել նաև հավատարմության քարտեր, ինքնաթիռի նստեցման կտրոններ և միջոցառումների տոմսեր:
Անվտանգության մի քանի մակարդակի կիրառման շնորհիվ Google Pay-ը վճարումներն առավել ապահով է դարձնում ՝ այդպիսով լրացնելով Բիբլոս Բանկ Արմենիայի քարտերի արդեն իսկ գործող անվտանգության մեխանիզմները: Սա ներառում է ոլորտի չափանիշներին համապատասխանող թոքենների կիրառում, ինչը նշանակում է, որ Google Wallet-ին կցված քարտով վճարում կատարելիս գործարքներն իրականացվում են վիրտուալ քարտի համարի (թոքենի) միջոցով: Այս թոքենն աշխատում է ըստ սարքի առանձնահատկությունների և կապված է դինամիկ անվտանգության կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի ժամանակ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն զեղծարարությունից:
Բացի այդ, հեռախոսը կորցնելու դեպքում քարտապանը պարզապես կարող է օգտվել «Գտնել իմ սարքը» ֆունկցիայից՝ անմիջապես սարքը բլոկավորելու, գաղտնաբառը փոխելու կամ անձնական տվյալները ջնջելու համար:
Google Pay-ի միջոցով սմարթֆոնով վճարումներ անելու համար քարտապանները պետք է Play Store-ից ներբեռնեն անվճար Google Wallet հավելվածը և թվային դրամապանակին կցեն իրենց բանկային քարտերը: Վճարելու համար պարզապես պետք է ակտիվացնել էկրանը կամ ապակողպել սմարթֆոնը գաղտնաբառով կամ կենսաչափական տվյալներով և սարքը մետեցնել անհպում վճարման տերմինալին:
Անհպում վճարումները հասանելի են Android 5.0 կամ ավելի բարձր օպերացիոն համակարգով և ներկառուցված NFC չիպով սմարթֆոններում և Wear OS 2.15 կամ ավելի բարձր օպերացիոն համակարգով աշխատող ժամացույցներում:
Google Pay և Google Wallet անվանումները Google LLC ընկերության ապրանքանիշներ են: